Արմինֆո. Լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ ԱԳՆ շենքի մոտ քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել: Այդ մասին ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:
«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտում է տեղի ունեցածը և հորդորում թե՛ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, թե՛ հավաքի մասնակիցներին զերծ մնալ իրավիճակի սրման ցանկացած փորձից: Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ անթույլատրելի է որևէ պարագայում Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում` համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։ Միևնույն ժամանակ, հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, իրենց հերթին, կրում են հավաքի խաղաղ ընթացքը ապահովելու պարտականություն, և պետք է ցուցաբերեն զսպվածություն ու պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը և ոլորտում առկա իրավական չափանիշները», - ասվում է հաղորդագրությունում:
Նաեւ հաղորդվում է, որ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժին: «Առանձնազրույցներ տեղի կունենան բողոքի ակցիայի իրականացման վայրից բերման ենթարկված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը, բերման ենթարկելու հիմքերն ու Ոստիկանության բաժնում նրանց իրավունքների ապահովման վիճակը», - նշված է հաղորդագրությունում: