Արմինֆո. ՀՅԴ Բյուրոյի հրավերով մայիսի 25-28-ը Հայաստանում գումարվեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողով՝ շուրջ քսան երկրներից ժամանած ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուների մասնակցությամբ։
ՀՅԴ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, խորհրդաժողովը լսեց ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի աշխատանքների ամփոփումները նախորդ՝ 2021թ․ դեկտեմբերի խորհրդաժողովից առ այսօր, քննարկեց Արցախի հայաթափումից ու դրանով պայմանավորված զարգացումների վերաբերյալ տարբեր զեկույցներ, կատարեց գործունեության հիմնական ուղղությունների և քաղաքական առաջնահերթությունների մարտավարական բնույթի փոփոխություններ՝ առաջիկա գործունեության համար։
Խորհրդաժողովն արժևորեց պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների համար մի շարք երկրներում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի կողմից սկսված՝ պատժամիջոցների կիրառմանն ուղղված աշխատանքները և ընդունեց որոշում՝ այն շարունակելու նոր թափով ու աշխարհագրական առավել լայն ընդգրկմամբ։
Խորհրդաժողովը քննարկեց այն հիմնական ուղղություններն ու հնարավոր քայլերը, որոնք, հավանաբար, ձեռք կառնի Ադրբեջանն՝ իր միջազգային հեղինակության բարձրացման և պատերազմական հանցագործի պիտակից խուսափելու համար։ Անդրադառնալով այս հարցին՝ խորհրդաժողովն ընդունեց համապատասխան որոշումներ։ Առհասարակ, շարունակվելու են ադրբեջանական հանցագործությունների միջազգային հանրահռչակումն ու դրանց վերաբերյալ քաղաքական, հասարակական ու իրավապաշտպան շրջանակների իրազեկվածության բարձրացման աշխատանքները։
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ամենօրյա ռեժիմով հետապնդելու են Բաքվում պահվող հայ գերիների՝ այդ թվում Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության տոունդարձի խնդիրը...
Խորհրդաժողովի մասնակիցները ևս մեկ անգամ նշեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ: Ուստի, Հայ Դատի ցանցը շարունակելու է տեղեկատվության և հակամարտության միջազգային հանրահռչակումը ՝ Արցախի ժողովրդի հավաքական և միջազգային լիակատար երաշխիքով վերադարձի իրավունքի իրացումը համարելով առաջնահերթություն: Քննարկվեցին նաև Արցախի հոգևոր և նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Որոշումներ ընդունվեցին դրան ուղղված որոշակի գործողությունների վերաբերյալ, որոնք ենթադրում են համագործակցություն ինչպես հայկական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև առանձին պետությունների հետ:
Հատուկ քննարկման արժանացան Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը և այդ քաղաքականության բացասական հետևանքների դեմ պայքարի հնարավորությունները, ինչպես նաև "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման գործողությունների միջազգային լուսաբանմանն ուղղված քայլերը: