Արմինֆո. Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այսօր այցելել են աղետի գոտի։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հաղորդագրության համաձայն, դեսպաններին դիմավորել են ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը և ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Դիվանագիտական ներկայացուցչություններին ներկայացվել են աղետից վնասված թաղամասերը, վնասների չափը և այս պահին տարվող աշխատանքները:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Հայաստանի հյուսիսում տեղի է ունեցել ջրհեղեղ, որն առաջացել է առատ տեղումների, հորդառատ անձրևի և Դեբեդ գետի ափերից դուրս գալու հետևանքով, ինչը հանգեցրել է ենթակառուցվածքների զգալի ավերածությունների և, առնվազն, 4 մարդու մահվան: Տարերքը վնասել է ճանապարհներ, կամուրջներ ու երկաթուղային գծեր։ Փրկարարների ուժերով տարհանվել է 443 քաղաքացի: Աղետի հետևանքների վերացման նպատակով ձևավորվել է օպերատիվ խումբ ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: