Արմինֆո.Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ներկայի հնարավորությունը չպետք է բաց թողնվի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Իզմիրում "Էֆես-2024" զորավարժությունների շրջանակում անցկացվող "բարձրաստիճան դիտորդի օր" միջոցառման ժամանակ։
Միևնույն ժամանակ, Էրդողանը նշել է, որ Հայաստանն ավելի մոտ կլինի Ադրբեջանի հետ խաղաղությանը, եթե "ձերբազատվի արտաքին ուժերից և Սփյուռքից կախվածությունից": Ընդ որում, նա հերթական անգամ խորհուրդ է տվել՝ թե սպառնացել է Հայաստանին օգտվել "պատմական հնարավորություններից", որոնք բացվել են Արցախի ուժային գրավումից հետո։ "Հայ ժողովուրդը պետք է ապագան տեսնի ոչ թե արտերկրում բանաստեղծություններ հորինողների, այլ հարևանների հետ, որոնց հետ ապրում է դարերով, հասկանա դա և ավելի համարձակ լինի", - նշել Է Էրդողանը:
Խոսելով բուն միջոցառման մասին՝ Թուրքիայի առաջնորդը հավաստիացրել է, որ Թուրքիայի ԶՈՒ «Էֆես-2024» զորավարժությունները ուղղված չեն որևէ երկրի դեմ և անցկացվում են ընդհանուր սցենարով ՝ ուղղված խաղաղության պահպանման գործողություններին: Նրա խոսքով ՝ Թուրքիան պատրաստ է երկխոսության, շփումների և կապերի ամրապնդման բոլոր այն երկրների հետ, որոնք հարգում են իր շահերը և ձգտում են համագործակցել իր հետ:
Թուրքիայի Իզմիր նահանգում մայիսի 29-30-ը անցկացվող «Էֆես-2024» բազմազգ զորավարժություններին մասնակցում են, ընդհանուր առմամբ, 11 հազար զինծառայողներ, ներառյալ ավելի քան 1,5 հազար զինվորականներ աշխարհի 50 երկրներից:
Նշենք, որ Թուրքիան բազմիցս ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապված է ադրբեջանահայկական կարգավորման հետ: Բացի այդ, Անկարայում բազմիցս հայտարարել են, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը կնպաստի Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանը: