Արմինֆո.Հաշվի առնելով շուկայում առևտրով զբաղվող բազմաթիվ առևտրականների խնդրանքը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջնորդությամբ որոշում է կայացվել առնվազն 3-5 ամսով հետաձգել շուկայի վերանորոգման աշխատանքները: Դա թույլ կտա ապահովել առևտրականների` առևտրի իրականացման այլ վայր տեղափոխման առավել սահուն իրականացում: Այդ մասին ասվում է Կոմիտասի շուկայի սեփականատեր «Յունիոն-Սերվիս» ՍՊԸ պաշտոնական հայտարարությունում:
«Հաշվի առնելով վերջին շրջանում մամուլում տարածվող մի շարք կեղծ տեղեկությունները` հարկ ենք համարում նշել`
1.Կոմիտասի շուկան ամբողջությամբ պատկանում է ՀՀ քաղաքացի Գրիգոր Տեր-Ղազարյանին, որևէ այլ ազգի ներկայացուցիչ չունի սեփականության որևէ բաժնեմաս:
2.Շուկայի շենքը մասնավորեցվել է 30 սեպտեմբերի 2002թ., այժմյան սեփականատերն այն ձեռք է բերել մասնավոր անձանցից 1 սեպտեմբերի 2022թ.:
3.Շուկայի շենքին հարող կիսախարխուլ բացօթյա առևրի տաղավարներն արդեն ապամոնտաժվել են և պլանավորվում է կառուցել ժամանակակից շինություն, որը նոր տեսք կհաղորդի Կոմիտասի պողոտային, իսկ Կոմիտասի շուկայի պատմամշակութային շենքն արտաքին միջամտության չի ենթարկվի», - ասվում է հայտարարությունում: