Արմինֆո. Մայիսի 29-ին Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ:
ՊՆ հաղորդագրության համաձայն, քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:
Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Այսօր Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել նաեւ ԵՄ ԱԳԵԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի, ԵՄ քաղաքական ու անվտանգության կոմիտեի նախագահող Դելֆին Պրոնկի և ԱԳԵԾ Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Միջին Ասիայի, տարածաշրջանային համագործակցության ու ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթի հետ:
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը:
Սուրեն Պապիկյանը նաեւ մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի բացման արարողությանը և տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի շուրջ պանելային քննարկումներին: