Արմինֆո.Հայաստանի Հանրապետությունում Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված որևէ արշավ չկա: Այդ մասին մայիսի 29-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, եթե, այնուամենայնիվ, արշավ ծավալվում է, ապա դրա ակունքները պետք է փնտրել այլ վայրում, այլ ոչ թե՝ երկրի կառավարությունում եւ կառավարող մեծամասնությունում:
Ինչ վերաբերում է նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ Սարդարապատի հուշահամալիրում միջոցառումներին մասնակցելու փորձի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, ապա, ինչպես նշել է Փաշինյանը, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը մոտեցել է արարողակարգային միջոցառուման անցկացման վայրին, որին հրավիրված չի եղել: Ավելին, կառավարությունում տեղյակ չեն եղել հրավերի ակնկալիքների մասին։ Վարչապետի խոսքով՝ ոստիկանությունը միայն փորձել է ճշտել, թե արդյոք կաթողիկոսը չի եկել իր կողմնակիցների և իր ղեկավարած քաղաքական շարժման անդամների սադրիչ գործողությունները շարունակելու համար: Եվ երբ հավաստիացումներ են ստացել, որ այցը զուտ արարողակարգային բնույթ է կրում, ապահովել են կաթողիկոսի մուտքը հուշահամալիր, հայտարարել է Փաշինյանը։ Նրա ասելով, մինչ հիշյալ դրվագը Վեհափառ հայրապետի գլխավորած շարժումը փորձում էր խոչընդոտել արարողակարգային միջոցառումներին, և եթե նրանց գործողությունները, անգամ, միտումնավոր չեն եղել, ապա դրանք ինքնին խոչընդոտներ են ստեղծել:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ փորձել են փակել Սարդարապատի հուշահամալիր գնացող հոգևորականների ճանապարհը։ Տասնյակ ոստիկաններ փակել են Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի և նրան ուղեկցող հոգևորականների ճանապարհը՝ կոպտորեն հետ մղելով հոգևորականներին։ Միջադեպը տեղի է ունեցել կեսօրին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ համալիր այցից առաջ։
Պատասխանելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հասցեին ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաների կողմից հնչած քննադատության տարօրինակ զուգադիպության մասին հարցին, Փաշինյանը նշել է, որ ծանոթ չէ Անկարայի և Բաքվի հայտարարություններին: "Ես սովորություն չունեմ մեկնաբանել մի բան, որին ծանոթ չեմ", - ասել է վարչապետը: