Արմինֆո. Հայաստանի Տավուշի մարզում տեղի է ունենում պետական սահմանի, այսպես կոչված, սահմանազատում՝ առանց որևէ բացատրության և հիմքի։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
«Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում», որ վերաբերում է մեր երկրի պետական սահմանի, մեզանից յուրաքանչյուրի անվտանգությանը:
Կիրանցում ոստիկանները կամայական որոշումներով են սահմանափակել քաղաքացիների, գյուղերի բնակիչների ու մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների ազատ տեղաշարժը․ առանց իրավական կանոնների ստեղծված են ոստիկանական ինչ-որ անցակետեր, և մարդկանց տեղաշարժը թույլ են տալիս սեփական հայեցեղությամբ։
Առանց որևէ բացատրության ու հիմքերի է տեղի ունենում պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատումը», որի կանոնակարգի նախագիծ անգամ գոյություն չունի։
Պետական սահմանին և սահմանային անվտանգության հարցերը վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին և առաջնահերթ՝ սահմանային բնակիչներին, նրանց կենսական իրավունքներին. ցանկացած սահմանափակում պահանջում է հանրային հաշվետվություն ու իրավական պատշաճ հիմնավորում:
Մինչդեռ, լրագրողների մասնագիտական աշխատանքը, մարդկանց ազատ տեղաշարժը խոչընդոտելով՝ թաքուն ու անհաշվետու իրագործվում են անօրինական որոշումներ», - ընդգծել է նա։
Նշենք, որ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի արձանագրություն-նկարագրության համաձայն, Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում Ադրբեջանին պետք է անցնեն երկու տուն, կամուրջը, դեպի Վրաստան միջպետական ճանապարհի մի հատված և մոտ 50 հողամաս:
Այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ԱԱԾ Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ, եւ, ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից, Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։
Դրանից հետո ոստիկանները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներից եւ պատգամավորներից զատ, Կիրանց մուտք գործել թույլ չեն տվել նաեւ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին: