Արմինֆո. Հայաստանի սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Տավուշի մարզի Կիրանց գյուղում են։ Նրանք «Ազատության»-ը փոխանցել են, որ այսօրվանից այստեղ են մնալու, հետագա աշխատանքների համար տեղազննություն են իրականացնելու։ Նրանց ձեռքին պլանշետ կա, զինված չեն։ Սահմանապահները նորակառույց դպրոցի հարակից հատվածում են, որտեղով սահմանագիծն է անցնում։
Ավելի վաղ այնտեղ էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա էլ խոսել է շրջանցիկ ճանապարհի մասին, որն անցնելու է հարակից Աճարկուտ գյուղով, ապա թեքվելու է դեպի Կիրանց ու հենց այս նույն դպրոցին հարակից հատվածով միանա այժմ գործող հիմնական ճանապարհին։
Հիշեցնենք, որ սահմանների սահմանազատման շրջանակում Կիրանց գյուղի տարածքի մի մասը՝ երկու տուն, կամուրջը, դեպի Վրաստան միջպետական ճանապարհի մի հատված և մոտ 50 հողամաս, պետք է անցնի Ադրբեջանին: Այդ իսկ պատճառով նախատեսվում է կառուցել նոր ճանապարհ, որի կառուցման ժամկետը սահմանվել է 2-3 ամիս։