Արմինֆո.Մայիսի 17-ին Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան՝ ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում գործընկերության խորացման միջոցով ընձեռնվող հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող հաստատակամ քայլերին և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ փոխգործակցության հարցերին: «Հայաստանի կառավարությունը հանձնառու է թե՛ ժողովրդավարական բարեփոխումների, թե՛ խաղաղության օրակարգին, և մեր միջազգային գործընկերների շարունակական աջակցությունը կարևոր է շոշափելի առաջընթացի ապահովման համար։»
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի բնագավառում։
Շարունակելով տարածաշրջանային թեմաների վերաբերյալ քննարկումը՝ Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ թվում՝ Ալմաթիում խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ կայացած բանակցությունները։
Իր հերթին՝ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը X-ի (նախկին Twitter-ի) իր էջում, հղում անելով Անալենա Բերբոքի հայտարարությանը, նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն: "Իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցություններում ԳԴՀ ԱԳ նախարարը մատնանշել է Գերմանիայի պատրաստակամությունը ՝ շարունակելու աջակցել խաղաղ գործընթացին։ Այժմ չափազանց կարևոր է շարունակել երկխոսությունը", - նշվում է հաղորդագրությունում։