Արմինֆո.Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։ Այդ մասին ասվում է Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպանության հաղորդագրությունում:
«Միջնորդությունը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100,000 հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից, հղում անելով Արդարադատության Միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի հրամանին՝ կոչ է անում հարգել միջազգային իրավունքը, ինչպես նաև կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին։
Ընդգծելով 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը՝ խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները և տարածաշրջանում դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը։ Ողջունում է Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։
Ընդգծում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման կարևորությունը նոր գործընկերության օրակարգի միջոցով, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության կարևոր հանձնառությունը և աջակցում է ԵՄ-ի դերի մեծացմանը Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման գործընթացում: Խրախուսում է նաև Լյուքսեմբուրգի, ԵՄ-ի և Հայաստանի միջև տնտեսական, գիտական և կրթական կապերի ամրապնդումը»,- ասվում է բանաձեւում:
Հավելենք, որ ադրբեջանական կողմն իրեն հատուկ հիստերիկ ձևով է արձագանքել այդ բանաձեւին։
Ադրբեջանի խորհրդարանում Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի բանաձևը գնահատել են "որպես խաղաղ գործընթացին խոչընդոտելու փորձ"։ Այս առնչությամբ ԱՀ ՄՄ-ում մերժել են այդ բանաձեւը եւ Լյուքսեմբուրգի պատգամավորներին մեղադրել "առկա իրողությունները հասկանալու անկարողության մեջ"։