Արմինֆո. Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը ՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ։
Հանձնաժողովի որոշման համաձայն, Ադրբեջանին պետք է աաաանցնի երկու տուն, կամուրջը, դեպի Վրաստան տանող ճանապարհահատված և մոտ 50 Հողամաս: Այդ որոշման դեմ բողոքող ցուցարարների հետ հանդիպման է ժամանել Ոստիկանության մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ով գյուղացիներին առաջարկել է հանդիպել մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, բայց՝ փակ տարածքում և առանց մամուլի ներկայացուցիչների: Այդ նախաձեռնությունը, սակայն, ըմբռնում չի գտել գյուղացիների շրջանում, ովքեր պահանջել են հանդիպել մարզպետի հետ հենց ճանապարհին և լրագրողների ներկայությամբ:
Գյուղ է ժամանել նաև ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ով արմատներով այդ գյուղից է: Նրա և Կիրանցի բնակիչների միջև լեզվակռիվ է ծագել, որը քիչ է մնացել վերաճի դիմակայության։ <Դու, որպես գյուղացի, ասա, ի՞նչ առաջարկներ ունես այս իրավիճակից դուրս գալու համար> - հարցրել են գյուղացիները պատգամավորին, ով հունից դուրս է եկել և լրագրողներից պահանջել չնկարահանել տեղի ունեցածը: