Արմինֆո.Օպերային թատրոնի մոտ ոստիկանական ուժերի կուտակումը պայմանավորված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցառմանը ժամանած շուրջ 2 հազար հյուրերի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Այդ մասին մայիսի 15-ին լրագրողներին հաղորդել է ՀՀ ոստիկանապետ, ներքին գործերի փոխնախարար Արամ Հովհաննիսյանը։
"Թող ցուցարարներն իրենց ակցիան անցկացնեն, ո՞վ է խանգարում նրանց։ Ոստիկանները հանգիստ կանգնած են, ոչ մեկին ձեռք չեն տալիս՝ չնայած իրենց հասցեին հնչող վիրավորանքներին։ Ուշադրություն դարձրեք", - ասել է ոստիկանապետը լրագրողներին՝ մասնավորապես մատնանշելով իրավապահներին վիրավորանքներ հասցրած կնոջը։ "Ես, նույնիսկ, ամաչեցի, որ հայ կանանց մեջ կան այդպիսիք", - նշել է Հովհաննիսյանը:
Պատասխանելով այն հարցին, որ 5-6 ոստիկաններ ծեծել են մեկ անձի, ոստիկանապետը վստահեցրել է, որ ծառայողական քննություն կանցկացվի, և եթե պարզվի, որ իրավապահները գերազանցել են իրենց լիազորությունները, նրանք կենթարկվեն պատասխանատվության:
Ավելի վաղ դեպքի ականատեսներից մեկը պատմել էր, որ մարդը, զբոսնելով իր շան հետ, ոչ մի կերպ չէր կարողանում դուրս գալ իրեն անհրաժեշտ փողոց, քանի որ շրջապատում ամեն ինչ փակ էր: "Նա քայլում էր շան հետ, նրան բաց չէին թողել այդ հատվածում, նա անցավ մյուս կողմը, նրան բաց չէին թողել նաև այդ հատվածում, նա եկավ և կանգ առավ կարմիր լույսի տակ: Հանկարծ ոստիկանները, մի երկու բառ փոխանակելով, անմիջապես հարձակվեցին նրա վրա, 5-6 հոգի սկսեցին ծեծել ու հայհոյել քաղաքացուն", - պատմել է ականատեսը