Արմինֆո. Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված միջոցառման առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ստացված դիմումի հիման վրա Ոստիկանությունը փակելու է Օպերայի թատրոնի շենքին հարակից փողոցները՝ հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակով:
Մասնավորապես, ժամը 15:00-20:00-ն փակ կլինեն Տերյան փողոցը (Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ), ինչպես նաև Թումանյան փողոցը (Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոցների խաչմերուկ): Այդ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի ոչ միայն տրանսպորտային միջոցների, այլև քաղաքացիների համար։
Նշենք, որ Հայաստանում առաջին անգամ են փողոցներ փակում միջազգային միջոցառում անցկացնելու համար։
Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում օրն ամփոփելիս քաղաքացիներին կոչ է արել մայիսի 15-ին ժամը 16:00-ին հավաքվել Ազատության հրապարակում ՝ Օպերայի թատրոնի շենքի մոտ, քանի որ ժամը 17:00-ին այնտեղ տեղի կունենա Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի նիստը, որի ընթացքում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը: "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները մտադիր են իրենց բողոքն արտահայտել Հայաստանի կառավարության ղեկավարին՝ միջազգային կազմակերպությունների առջև: