Արմինֆո.Երեկ գիշեր ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է «Ազատազէն» ԿՀԿ համահիմնադիր, խորհրդի անդամ Իշխան Գևորգյանին և ևս 4 ընկերների՝ ապօրինի հրազեն, պայթուցիկ նյութեր, պայթեցման սարքերի ձեռք բերման և տեղափոխման կասկածանքով: Այդ մասին ասվում է «Ազատազէն» կրթական հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարությունում:
«Զավեշտալի է ձերբակալության հիմքը, քանի որ բոլորը գիտեն այդ թվում ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները, որ Իշխանը մշտապես եղել է օրինական և գիտելիքի հիման վրա զենք ունենալու քարոզի, կարգավորումների և աշխատանքների առաջամարտիկներից մեկը:Մեր աջակցությունն ենք հայտնում Իշխանին և տղաներին, և ձեռնարկելու ենք բոլոր օրինական միջոցները մեր ընկերների իրավունքների պաշտպանության համար», - ասվում է հայտարարությունում:
Նշվում է նաև, որ Իշխան Գևորգյանի և մյուս զինակիցների խախտված իրավունքների պաշտպանությունն իրենց վրա են վերցրել "Լև Գրուպ" փաստաբանական գրասենյակի կորպորատիվ իրավունքի տնօրեն, փաստաբան Տարոն Բաղդասարյանը և նրա գործընկեր Վարազդատ Հարությունյանը:
"Մենք, հատկապես Իշխանը, մարդիկ ենք, ովքեր օր ու գիշեր աշխատում են օրինական զենք կրելու մշակույթը տարածելու ուղղությամբ, ամեն ջանք գործադրում ենք համապատասխան ենթակառուցվածքի ստեղծման, օրենքների կարգավորման համար, և բոլորը գիտեն այդ մասին։ Մենք երդվել ենք մեր գիտելիքների ու զենքի օգնությամբ չլուծել ներքին խնդիրները։ Մենք միշտ կատարել ենք այդ խոստումը և կատարում ենք այն", - նշել է "Ազատազէն" հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նաղաշ Բաղդասարյանը։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն արդեն հաղորդել էր Գևորգյանի և նրա ընկերների ձերբակալության մասին: Ուշագրավ է, որ նրանց մոտ զենք չեն գտել, սակայն, միևնույն է, կալանավորել են ։