Արմինֆո.ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստ է աջակցել արցախցիների վերադարձին իրենց տները:
Մայիսի 13-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ԵԱՀԿ գործող նախագահը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում կազմակերպության դերը մեկնաբանելու խնդրանքին և այն հարցին, թե՝ արդյոք կազմակերպությունը պատրաստ է աջակցել արցախցիներին իրենց տները վերադարձնելու համար միջազգային երաշխիքներ ստեղծելու հարցում, խոստովանել է, որ ԵԱՀԿ-ն մարդկանց մասին է և՝ մարդկանց համար։ "Բայց, միևնույն ժամանակ, կազմակերպությունը չի կարող ներխուժել խաղացողների միջև երկկողմ գործընթացներ։ Մենք հարգում ենք երկու երկրների դիրքորոշումը", - ասել է Բորգը, այդպես էլ չպատասխանելով հարցին, թե արդյոք ԵԱՀԿ-ը պատրաստ է աջակցել արցախցիներին իրենց տները վերադարձնելու միջազգային երաշխիքների ապահովմանը։
Նշենք, որ մի խումբ արցախցիներ ակցիա են իրականացրել ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց, որտեղ տեղի են ունեցել Բորգի բանակցությունները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Ակցիայի մասնակիցները նաև պահանջներով և ակնկալիքներով նամակ են փոխանցել Բորգին: