Արմինֆո. Մալթան շատ թափանցիկ է իր գործողություններում՝ ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգը՝ մայիսի 13-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում։
"Մենք կաջակցենք Հայաստանին ու Ադրբեջանին երկարաժամկետ տարածաշրջանային խաղաղության հասնելու գործում։ Մենք տեղեկացված ենք, որ թե Երևանը, թե Բաքուն նախընտրում են իրենց միջև առկա հարցերն ու տարաձայնությունները լուծել երկկողմ ձևաչափով, և մենք՝ որպես ԵԱՀԿ, կաջակցենք դրան", - ասել է Բորգը։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացին գնահատական տալու խնդրանքին՝ ԵԱՀԿ գործող նախագահը համոզմունք է հայտնել, որ կառուցողականության առկայության համար անհրաժեշտ է, որպեսզի կողմերը միմյանց միջև լուծեն այդ հարցը: "Ես, հաստատ, չեմ օգնի գործընթացին, եթե իմ դիրքորոշումն արտահայտեմ, քանի որ դա երկկողմ գործընթաց է։ Թե Երևանում, թե Բաքվում ես ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց, և, խնդրում եմ հարգել իմ այդ դիրքորոշումը", - ամփոփել է Բորգը։
Հիշեցնենք, որ երկար տարիներ Ադրբեջանը փորձում էր հասնել այն բանին, որ Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցություններ ընթանան։ Եվ ահա ընթացիկ տարում նրան հաջողվեց հասնել դրան։ Ավելին, անցած շաբաթվա վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետն ամբողջությամբ կատարում է խաղաղ գործընթացի վերաբերյալ ադրբեջանական կողմի օրակարգը: