Արմինֆո.Հանրապետության հրապարակում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման երեկվա հանրահավաքը տպավորիչ է։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հավելելով, որ անձամբ է մասնակցել երեկվա բողոքի ակցիային ։
"Ըստ գնահատականների՝ 75 հազարից ավելի մեր քաղաքացիներ մասնակցել են հանրահավաքին։ Սա իսկապես ժողովրդի կամարտահայտություն է։ Այդ բոլոր մարդիկ հրապարակ էին եկել մեկ պահանջով ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Սա ժողովրդական շարժում է, որն ունի երկու առանձնահատկություն։ Նախ, այն կառավարվում է մեկ անձի կողմից, որին կարելի է վստահել՝ Բագրատ Սրբազանը։ Երկրորդ, այս շարժումն ունի հստակ ուղերձ՝ Նիկոլ Փաշինյան, դու չես կարողացել կառավարել երկիրը, չես կարողանում և այլևս չես կարող։ Դու մեր երկիրը դրել ես շատ ծանր դրության մեջ և տապալել թե արտաքին, թե ներքին քաղաքական օրակարգը։ Դու ձախողել ես այն ամենը, ինչ հնարավոր է: Դու կորցրել ես մեր հայրենիքի կարևոր մասը՝ Արցախը։ Դու դատարկեցիր Արցախը և հիմա էլ չես ուզում խոսել այդ մասին։ Դու կորցրել ես Հայաստանի տարածքների մի մասը։ Այսօր Ադրբեջանը ներխուժել է մեր ինքնիշխան տարածքներ և չի պատրաստվում լքել դրանք։ Դու այդքան մարդ ես զոհաբերել, կորցրել ես մեր դաշնակիցներին, խճճվել ես աշխարհաքաղաքական գործընթացներում և դու չես կարող դուրս գալ այս իրավիճակից", - արձանագրել է Օսկանյանը։
Նրա խոսքով ՝ պետք է գա նոր մարդ, ով կկարողանա Հայաստանը դուրս բերել ստեղծված ծանր իրավիճակից։ Օսկանյանը կարծում է, որ ամեն ինչ կարելի է լուծել սահմանադրական ճանապարհով։ Միևնույն ժամանակ, Հայաստանի նախկին արտգործնախարարը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժումից վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը:
"Ես կարծում եմ, որ Բագրատ Սրբազանը ճիշտ ուղու վրա է, երբ երեկ հայտարարեց, որ արդեն խորհրդակցություններ է անցկացնում խորհրդարանական քաղաքական ուժերի հետ՝ Ազգային ժողով անցնելու և Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար:
Սահմանադրությունն, իհարկե, պահանջում է, որ այդ ուժերը ևս ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին։ Այս պահին, կարծում եմ, վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը։ Մանրամասները չգիտեմ, բայց, կարծում եմ, որ այդպես էլ կլինի, քանի որ այդ կառավարությունը ժամանակավոր է լինելու, գուցե՝ մեկ տարով: Այդ ընթացքում որոշ խնդիրներ կլուծվեն, հայ ժողովուրդը կուղղի մեջքը, դրանից հետո հնարավոր կլինի անցկացնել արդար ընտրություններ", - հայտարարել է Օսկանյանը Facebook-ի իր էջում զետեղված տեսանյութում:
Բագրատ Սրբազանն արդեն արձագանքել է վարչապետի պաշտոնում իր թեկնածության վերաբերյալ նախկին արտգործնախարարի առաջարկին: "Շնորհակալություն եմ հայտնում պարոն Օսկանյանին, բայց Հայաստանի վարչապետ դառնալու հավակնություն չունեմ",- ասել է նա լրագրողներին: