Արմինֆո.Դասադուլն ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով։ Այս մասին հաղորդել է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ Facebook-ի իր էջում:
Փաստաբանը նշել է, որ կարճ տևողության պայմաններում (օրինակ՝ մեկ շաբաթ) դասադուլը որևէ կերպ չի կարող ուսանողի համար առաջացնել բացասական հետևանքներ։
«Մենք հայտարարում ենք, որ անվճար իրավաբանական օգնություն կտրամադրենք բոլոր այն ուսանողներին, որոնց նկատմամբ դասադուլ կամ անհնազանդության այլ խաղաղ գործողություններ իրականացնելու պատճառով կփորձեն կիրառել պատժամիջոցներ։
Միևնույն ժամանակ, փաստում ենք, որ բուհի վարչակազմի ու դասախոսների կողմից դասադուլին մասնակցող ուսանողներին սպառնալը կամ դասադուլը չիրականացնել կամ այն դադարեցնել ստիպելը իրավաչափ չէ, ուստի խորհուրդ ենք տալիս նման դեպքերում կատարել ձայնագրություն։ Հիշեցնում ենք մեր շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարը՝ 095088787», - գրել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին նախաձեռնությունը, արձագանքելով այն լուրերին, թե որոշ պետական և հասարակական կառույցների աշխատակիցներ զգուշացվել են, որ աշխատանքից կազատվեն, եթե մասնակցեն "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման նախաձեռնած խաղաղ հավաքներին, հայտարարել էր, որ իրավաբանական օգնություն կցուցաբերի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին: