Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբ է ստեղծվել: Այդ մասին որոշում է ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 22 – ին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Աշխատանքային խմբերը, ինչպես նշում է աղբյուրը, կզբաղվեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու և համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու աշխատանքով:
Կառավարության ղեկավարի որոշման համաձայն, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ առաջին խմբում ընդգրկվել են նաև Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Ոսկեպար, Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց համայնքների ղեկավարները, ինչպես նաև՝ այդ գյուղերի բնակիչներ:
Երկրորդ խումբը բաղկացած է Հայաստանի ուժային բլոկի ներկայացուցիչներից։ Աշխատանքների կազմակերպման համակարգող է նշանակվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ Դավիթ Սանամյանը: Դրա կազմում են նաև պաշտպանական գերատեսչության փոխնախարար Արման Սարգսյանը, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնակատարը և այլ անձինք: