Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (L`OIF) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) տնօրեն Էմմանուել Սամսոնին: ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է համագործակցությունը ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության, մասնավորապես՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի հետ համագործակցությունը՝ ուղղված ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստմանը և ֆրանսերենի ուսուցմանը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը Հայաստանին է վստահել Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ մարզամշակութային խաղերի անցկացումը, որը, ըստ նախարարի, շատ կարևոր ու պատասխանատու հանձնառություն է Հայաստանի համար:
«Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում մշակույթի և սպորտի ոլորտներին առնչվող միջոցառումների կազմակերպումից բացի՝ պետք է նաև էապես բարելավենք մեր երկրում ֆրանկոֆոն միջավայրը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի հետ համագործակցությունը՝ ուղղված հատկապես Հայաստանում ֆրանսերենի մակարդակի բարձրացմանը և բարելավմանը:
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ավելացել են ֆրանսերենի խորացված ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունները. այս պահին ծրագրում ներառված է 18 դպրոց: Համագործակցության խորացման համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է ֆրանսիական կողմի աջակցությունը դասագրքերի և ուսումնական նյութերի ստեղծման ուղղությամբ՝ հատկապես հանրակրթական պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված:
Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Էմմանուել Սանսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի ակտիվ դերակատարությունը Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպությունում: Նրա խոսքով՝ Հայաստանը բազմիցս արտահայտել է իր հավատարմությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գաղափարներին ու արժեքներին:
Էմմանուել Սանսոնը նշել է՝ CREFECO-ն պատրաստակամ է Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության միջոցով կազմակերպել ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև աջակցել ուսումնական նյութերի ստեղծման հարցում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով հարաբերությունների խորացման և ֆրանսերենի զարգացմանն ուղղված համատեղ այլ նախաձեռնությունների իրականացմանը: