Արմինֆո. Եվրամիությունն աջակցում է Հայաստան-Թուրքիա գործընթացին՝ հույս հայտնելով, որ բանագնացները մոտ ապագայում կհանդիպեն։ Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորուման գործընթացին:
«Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ։ Եվ Եվրամիությունն անշուշտ, աջակցում է դրան: Ուստի դարձյալ հույս ունեմ, որ մոտ ապագայում այս գործընթացն իսկապես առաջ կգնա և արդյունքներ կտա՝ հանուն Հայաստանի, հանուն Թուրքիայի, հանուն տարածաշրջանի», - «Ազատության» հետ զրույսում ասել է ԵՄ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի ուղղությամբ Անկարան գործելու է Ադրբեջանի հետ համակարգմամբ: Դրանից հետո այս հարցով երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել ՝ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը, որոնք 4 հանդիպում են ունեցել:
Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացները մինչ օրս պաշտոնական չորս հանդիպում են ունեցել, վերջինը՝ 2022-ի հուլիսին Վիեննայում: Այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվեցին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Սահմանը, սակայն, այս ընթացքում բացվեց մեկ անգամ այն էլ բեռնատարների համար, որոնցով Հայաստանի կառավարությունը մարդասիրական օգնություն էր ուղարկում Թուրքիայում երկրաշարժից տուժածներին։ Այլ տեսանելի առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում 2022-ից ի վեր չի գրանցվել։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն Անթալիայում 2024 թվականի դիվանագիտական միջազգային ֆորումի շրջանակում առաջարկեց հայկական կողմի հետ հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում։ Ռուբինյանը խոստացավ մտածել: Այդ մասին առայժմ որոշում չկա։