Արմինֆո.Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են վերսկսել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների աշխատանքը: Այդ մասին ապրիլի 11-ին լրագրողներին հաղորդել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նրա ասելով՝ արդեն տևական ժամանակ այդ աշխատանքը, գործնականում, չի իրականացվել։ Երկու պետություններն էլ, ինչպես նշել է փոխնախարարը, թարմացրել են հանձնաժողովների կազմերը, սակայն դրանց համատեղ նիստ դեռ չի անցկացվել։ Կողմերը ներկայումս "տնային աշխատանք" են կատարում։ "Առաջիկայում առաջին նիստի անցկացման հույս կա։ Սահմանազատման աշխատանքը պետք է իրականացվի 1991թ. Ալմաթիի հռչակագրի շրջանակում", - ասել է Կոստանյանը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ կողմերը պայմանավորվել են վերսկսել սահմանազատման աշխատանքը, որն այս պահի դրությամբ կատարվել են երկու երրորդով։