Արմինֆո. Հաճելի է Հայաստանում ԵՄ առաքելությունից (EUMA) հաստատում ստանալ, որ հայ-ադրբեջանական սահմանին զինվորականների ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել։ Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Վրաստանի եւ Հարավային Կովկասի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, զետեղելով Հայաստանում ԵՄ առաքելության գրառումը, որի համաձայն, հայ-ադրբեջանական սահմանին ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել:
"Հաճելի է Հայաստանում ԵՄ առաքելությունից հաստատում ստանալ, որ զինվորականների ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել ։ Սա է առաքելության նպատակը՝ ապահովել ավելի մեծ թափանցիկություն , և կառուցել վստահություն: Մենք նախկինի պես բաց ենք Ադրբեջանի իշխանությունների հետ ավելի ակտիվ փոխգործակցության համար", - նշել է Կլաարը։
Նշենք, որ Շաբաթ երեկոյան ադրբեջանական ԶԼՄ-ները սկսել էին տարածել տեսանյութեր, թե , իբր, ՀՀ ԶՈՒ-ն տեղափոխվում է Ադրբեջանի հետ սահման:
Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը է տարածել է հաղորդագրություն,, որում ասվում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ երեկ՝ մարտի 30-ին, տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են ՀՀ ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական գործընթացի շրջանակում կատարած ավտոերթի լուսանկարներ՝ փորձելով դրանք ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ, ինչն իրականությանը չի համապատասխանում: Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում»: