Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հաղորդակցության գծով տնօրեն Ալեքս Գալիցկին ՝ ի պատասխան Հայաստանի վարչապետի այն խոսքերի, թե Արցախի իշխանությունների որոշ հայտարարություններ սպառնալիք են ՀՀ ազգային անվտանգությանը։
"Տասնամյակներ շարունակ Արցախի ղեկավարները քաջաբար պաշտպանել են հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը ՝ չնայած Ադրբեջանի ցեղասպան ագրեսիային։ Միակ մարդիկ, ովքեր փորձում են խլացնել Արցախի ձայնը, Ալիևն է (Ադրբեջանի նախագահը - խմբ.) և Փաշինյանը։ Փաշինյանը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը", - գրել է Գալիցկին։
Նշենք, որ ՀՀ վարչապետը նախօրեին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի տարածքում այլ կառավարություն չի կարող լինել՝ բացի իր կառավարությունից: «Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի՝ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք: Անհրաժեշտության դեպքում պետք է արվեն նաև համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն: Կրկին ասում եմ՝ կամա թե ակամա, դա ուրիշ հարց է, բայց հարց է, որ պետք է նաև պատասխան ստանա: Ես այսօր պատրաստ չեմ եզրակացություններ անել այս թեմայով, բայց և ուզում եմ հստակ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում բացի Հայաստանի Հանրապետության կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ: Եթե որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է, և հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են: Ես ուզում եմ, որ այս ուղերձը հստակ լինի բոլորի համար, և սա ուղղակի հայտարարություն չէ, որը պարզապես հնչում է բարձրախոսից: Սա հստակ արձանագրում է, և այդ արձանագրումը պետք է արտահայտվի իրական կյանքում: Ուզում եմ՝ սա բոլորիս համար հասկանալի լինի: Նրանք, ովքեր այս ուղերձներով հադես են գալիս, իրենք այդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունն ունեցել են, և տեսել ենք, թե ինչ են արել այդ հնարավորության հետ: Կրկին ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում բացի Հայաստանի Հանրապետության կառավարությունից, որևէ այլ կառավարություն չկա, չի եղել և չի կարող լինել ընդհանրապես: Ասենք՝ ամեն մեկը գնա, մի բնակարան վարձի ու ցուցանակը կպցնի, ասի՝ մենք այսինչի կառավարությունն ենք: Կներե՛ք, բայց կրկին պետության նկատմամբ նման գործողությունները, որոնք արդեն զուտ հարգալից-անհարգալիցի գիծն անցնում են, և այդ տրամաբանությունն են ստանում, չեն կարող անարձագանք մնալ Հայաստանի Հանրապետության կողմից», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետն այդպես է արձագանքել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ֆրանսիական Լե Figaro պարբերականի հետ հարցազրույցում հմչեցրած այն հայտարարությանը, որ Հայաստանում գոյություն ունի ԼՂ վտարանդի կառավարություն: Այն հարցին, թե արդյոք Ղարաբաղը վտարանդի կառավարություն ունի, Շահրամանյանը դրական պատասխան է տվել. «Այո, այն շենքում, որտեղ ես ընդունում եմ ձեզ, տեղակայված են նախագահի կաբինետը և օրենսդիր ու իրավապահ մարմինները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ քվեարկության համար»: