Արմինֆո. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ դարձնում են հավաքական Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիք, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի արմատական շահերին: Այս մասին իր ԹԳ-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը:
"Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձեւականորեն տարակուսում են, թե ինչու է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը շատերի մոտ "անհանգստություն" առաջացնում։ Պնդում են, թե այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։ Նման միջոցառումները մտահոգություն են հարուցում Ռուսաստանում, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղիղ ասում են, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է ։ Հենց այդպես էլ ասում են ՝ բաց տեքստով", - նշել Է Զախարովան։
Նրա խոսքով, նման հանդիպումներն անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասում, քանի որ ուղղված են ոչ թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության ձեռք բերմանը, այլ՝ Արեւմուտքի հետագա ներդրմանը Հարավային Կովկասում՝ նրա ծայրահեղ ապակառուցողական մոտեցումներով: "Այդ հանդիպումներն ուղղված են նաեւ այնտեղ նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետեւելուն հարկադրմանը, Մոսկվայի հետ նրանց բազմադարյա կապերի քայքայմանը, տարածաշրջանային անվտանգության եւ տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների խարխլմանը։ Թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, որ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է։ Չէ որ Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արեւմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի արմատական շահերին", - ամփոփել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է բարձր մակարդակի հանդիպում ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ: Հայաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ նպատակը Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ Հայաստանի փոխգործակցության խորացումն է, և այդ հանդիպումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ:
Իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Վաշինգտոնը համաձայն չէ Ադրբեջանի այն հայտարարություններին, թե ապրիլի 5-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի, Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը կարող է սրման հանգեցնել: "Ես ակնհայտորեն չէի համաձայնի այդ մեկնաբանություններին հետ։ Այս հանդիպման ուշադրության կենտրոնում տնտեսական կայունությունն է, որը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել առևտրային գործընկերությունը և բավարարել մարդասիրական կարիքները: Ես չեմ հասկանում, թե ինչու դա կարող է հանգեցնել էսկալացիայի կամ անհանգստություն առաջացնել աշխարհի որևէ երկրի համար",- ասել է Միլլերը։