Արմինֆո.Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերությունն է քննարկվել այսօր ԱՀ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել բանակում իրականացվող բարեփոխումների, ականազերծման և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:
Հասանովը պատմել է "ՆԱՏՕ-ի հետ համագործակցության արդյունքում ձեռք բերված հաջողությունների մասին "և նշել "փոխհարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը":
Ստոլտենբերգը բարձր է գնահատել ադրբեջանական բանակի զինծառայողների պրոֆեսիոնալիզմը խաղաղապահ առաքելություններում և այլ ոլորտներում նրանց գործունեությունը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շրջանակներում: Նա ընդգծել է, որ Թուրքիայի ԶՈՒ հետ Ադրբեջանի ԶՈՒ սերտ համագործակցությունն ամրապնդում է Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերությունները:
Կողմերը քննարկել են նաև կիբեռանվտանգության, ականազերծման, ինչպես նաև ռազմական կապերի այլ ուղղություններով համագործակցության զարգացման հեռանկարները: Տեղի է ունեցել կարծիքների լայն փոխանակում տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ, հաղորդում է «Թուրան»-ը: