Արմինֆո.Հնդիկ ժամանակակից գրող, բեսթսելերների հեղինակ Արջուն Կրիշնա Լալը գիրք է հրատարակել Հայաստանում իր արկածների մասին ՝ "Կյանք, Սեր, Գինի": Գրքի խմբագիրն է Արմինե Պետրոսյանը, անգլերենից թարգմանությունը՝ Ռոզա Գրիգորյանի, նկարիչը ՝ Լուսինե Թագմազյան:
Հայաստանում իր կյանքի մասին գիրք գրելու որոշումը գրողին դրդել է հայ ժողովրդի անկեղծությունն ու հյուրընկալությունը, նաև այն, որ ավելի քան 2 տարի ապրելով Հայաստանում, Արջուն Կրիշնա Լալն իրեն այստեղ զգում է ինչպես տանը։
«Կյանք, Սեր, Գինի»-ի խմբագիր Արմինե Պետրոսյանը նշել է, որ հնդիկ գրողի այս աշխատանքը Երևանի և Հայաստանի մյուս քաղաքների ու գյուղերի տեսարժան վայրերի ուղեցույց չէ, թեև այդ ամենը գրքում կարելի է գտնել: Վերջինս, ըստ խմբագրի, ավելի շատ հեղինակի ապրումների համահավաք է։
«Երբեմն մեզ՝ հայերիս, գուցե դուր չգան որոշ տողեր այն մասին, թե ինչպես է հեղինակն իր զգացմունքների, ապրումների, վիրավորանքի կամ ցավի ճնշման տակ մռայլ տոնով խոսում մեր հայրենիքի այս կամ այն հատվածի մասին, բայց, չմոռանանք, որ այս գիրքը վերապրած զգացմունքների մասին է: Հեղինակն այստեղ հավաքել է Հայաստանում ապրելու իր երկու տարվա փորձը՝ լի տարբեր արկածներով, հաճելի ու տհաճ պահերով, վերելքներով ու վայրէջքներով, չսպիացող վերքով ու կորստի ցավով", - պարզաբանել է Պետրոսյանը։
Նշենք, որ գրքի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 21-ին, ժամը 19:00-ին, <Զանգակ> գրատանը: Շնորհանդեսը նախատեսվում է անցկացնել նաև Հայաստանի մարզերում: Մուտքն ազատ է:-