Արմինֆո.Մարտի 2-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները և առանցքային հարցերի, մասնավորապես 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա հետագա սահմանազատման գործընթացի ապահովման և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները։ Արարատ Միրզոյանն ընդգծել է այդ հարցերում Ադրբեջանի կողմից հստակ հանձնառության ցուցաբերման և հռչակված սկզբունքներին հավատարմության կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Ինչպես հայտնի է դարձել Միրզոյանի թվիթերյան գրառումից, նա հանդիպել է նաև Մակեդոնիայի գործընկերոջ հետ: "Սա լավ հնարավորություն էր հանդիպելու Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում:
Մենք մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային հարցերի, այդ թվում ՝ Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ճանապարհին դեռևս կանգնած հրատապ խնդիրների շուրջ։ Ես ընդգծեցի, որ Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է և համահունչ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին", - գրել է Միրզոյանը։
Անթալիայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաեւ Ուգանդայի ԱԳ նախարար Օդոնգո Յեյե Աբուբախեերի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հարցեր՝ անդրադառնալով քաղաքական, տնտեսական, առևտրի, բարձր տեխնոլոգիաների և համագործակցության լայն ներուժ ունեցող այլ ոլորտներում կապերի ընդլայնման հնարավորություններին։ Երկուստեք ընդգծվել է տարբեր ձևաչափերում ակտիվ շփումների, ինչպես նաև փոխադարձ բարձրաստիճան այցերի կարևորությունը։ Քննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր։ Հայաստանի և Ուգանդայի նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Դիվանագիտական ֆորումի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաեւ Մոզամբիկի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վերոնիկա Մակամոյի հետ: Նախարարներն անդրադարձել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգի, քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել բոլոր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու հարցում: Հանդիպման օրակարգում են եղել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղությանն ուղղված ջանքերը՝ հավելելով, որ այդ նպատակին հասնել հնարավոր է միայն երկկողմ համարժեք հանձնառության միջոցով։ Երկուստեք ընդգծվել է խաղաղության ճանապարհին միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների հարգման կարևորությունը։
Ամփոփելով Անթալիայի դիվանագիտական համաժողովին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցության արդյունքները՝ Հայաստանի ԱԳՆ-ում նշել են, որ համաժողովի շրջանակներում քննարկումներ են տեղի ունեցել նաև Պարսից ծոցի տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի նախկին արտգործնախարար Լուիջի Դի Մայոյի, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի, ինչպես նաև Իրաքի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների այլ պաշտոնատար անձանց հետ: