Արմինֆո. Եվրամիությունը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման գործընթացում ներգրավված է վաղուց։ Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի ժամանակ։
"Մենք շատ կարեւոր ենք համարում տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումը։ Եվ հենց այդ պատճառով մենք առաջարկել ենք օգնել Հայաստանին և Ադրբեջանին այս երկարատև հակամարտության կարգավորման գործում։ Խաղաղությունը պատերազմի բացակայությունը չէ, դա ընդարձակ մանրամասն պայմանագիր է, որն անհրաժեշտ է բոլոր կողմերին երկարաժամկետ կայուն հարաբերությունների հասնելու համար", - հավելել է եվրոպացի պաշտոնյան։
Նրա խոսքով՝ պետք է ոչ թե, պարզապես, մի կողմ դնել զենքը, այլև հասնել կայուն խաղաղության։ Նրա համոզմամբ՝ տարածաշրջանը միայն կշահի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումից ։ Նա նաև հիշեցրել է, որ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանագծման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, և նշել է բոլոր տարածաշրջանային կապերի ապաշրջափակումն ապահովելու անհրաժեշտությունը:
Միաժամանակ, Կլաարը նշել է այն հետաքրքրությունը, որը Թուրքիան դրսեւորում է Հարավային Կովկասում ընթացող գործընթացների նկատմամբ։ Այս առումով նա հույս է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հաջողություն կգրանցվի, և Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան կաշխատեն Հարավային Կովկասում կայուն խաղաղության ուղղությամբ: "Եկել է զենքը մի կողմ դնելու և խաղաղությունը խթանելու, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը նպաստելու ժամանակը։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ջանքեր գործադրեն տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար", - ասել է Կլաարը։