Արմինֆո.Լեռնային Ղարաբաղ ներխուժումից հետո Բաքուն կփորձի ջնջել հայերի հազարամյա ներկայությունը տարածաշրջանում։ Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էմանուել Մորելը։
"Ադրբեջանցի ակտիվիստներն ապամոնտաժել են Շառլ Ազնավուրի արձանը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում ։ Ներխուժումից հետո Բաքուն կփորձի ջնջել հայերի հազարամյա ներկայությունը տարածաշրջանում։ Էթնիկ զտմանը հաջորդում է մշակութային զտումը", - գրել է նա։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, Ադրբեջանի իշխանություններն ապամոնտաժել են Շառլ Ազնավուրի արձանը, որը տեղադրվել էր նրա ծննդյան 100-ամյակի կապակցությամբ 2022 թվականին և գտնվում էր Ստեփանակերտի Պոլ Էլյուարի ֆրանկոֆոնիայի կենտրոնի հարևանությամբ: Ավելի վաղ ապամոնտաժվել էին գրող Հակոբ Հակոբյանի, ժողովրդական բարերար Ալեք Մանուկյանի, գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի, խորհրդային զինվորականներ ծովակալ Իսակովի, Անատոլի Զինևիչի, Քրիստափոր Իվանյանի և այլոց հուշարձանները: Ստեփանակերտի համանուն զբոսայգում ապամոնտաժվել է նաև Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի արձանը: Համացանցում հրապարակված նյութերից տեղեկանում ենք նաև, որ Արցախի ազատագրական պատերազմում զոհվածների գերեզմանները ենթարկվում են վանդալիզմի: Այս ամենը տեղի է ունենում քաղաքակիրթ միջազգային հանրության անգործության ֆոնին ։