Արմինֆո. Հայաստանը պետք է վերադառնա կառավարման կիսանախագահական ձևին։ Այդ մասին փետրվարի 29-ին հայտարարել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ "Հայաքվե" նախաձեռնության կազմակերպած քննարկումների ժամանակ։
Նրա խոսքով, ի տարբերություն կառավարման խորհրդարանական համակարգի, կիսանախագահական ձևն ունի մեկ, բայց շատ էական առավելություն: Խոսքը ևս մեկ ժողովրդական մանդատի մասին է։ Դա թույլ է տալիս ապահովել իշխանության բոլոր ճյուղերի զսպման և լիարժեք տարանջատման փոխադարձ մեխանիզմների կիրառումը ։
Մանուկյանը նշել է, որ, չնայած քննարկումներին մասնակցող քաղաքական գործիչների հետ տարաձայնությունների առկայությանը, ինքը մտադիր է աջակցել ի պաշտպանություն
Անկախության հռչակագրի և հայոց պետականության շարժմանը: "Եթե ինչ-որ մեկը որոշի, որ այնտեղ պետք է ինչ-որ բան ջնջել, ապա նա պետք է իմանա, որ ոտնձգություն է կատարում մեր արժանապատվության նկատմամբ, քանի որ հռչակագիրը երկրի ծննդյան վկայականն է, որը փոփոխման ենթակա չէ", - հայտարարել է քաղաքական գործիչը:
Մանուկյանն ընդգծել է, որ ոչ ոք իրավունք չունի իրավական ակտերով հերքել երկրի ծնունդը: Ավելին, նորագույն պատմության ողջ ընթացքում ոչ մի քաղաքական գործիչ կամ կուսակցություն, բացառությամբ գործող ղեկավարության, հանդես չի եկել այդ փաստաթղթի դեմ։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որը ՀՀ-ն ավելի կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական նոր պայմաններում: Վարչապետի ընդդիմախոսները նշում են, որ նախաձեռնությունը գալիս է Բաքվից, հիմնականում, նպատակ ունենալով Սսհմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումները, որտեղ հիշատակվում է Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը: Խնդրահարույց է համարվում նաև Անկախության հռչակագրի 11-րդ կետը, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունն աջակցում է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: