Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 340-րդ հոդվածի 1-ին մասով, 44-425-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովի կողմից 2024թ. փետրվարի 28-ին դիվերսիայի փորձ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ազգային, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու և փոխադրելու, հրազենի և ռազմամթերքի մաքսանենգության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: «Ռուսլան Փենախովը, քննիչի որոշմամբ, ձերբակալվել է: Հանգամանքները քննությամբ պարզվում են…», - ասվում է ՔԿ հաղորդագրությունում:
Ինչպես նախօրեին հաղորդել էր ԱԱԾ-ը, փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է: