Արմինֆո.Այժմ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հնարավորություն է ի հայտ եկել։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը՝ փետրվարի 28-ին Բեռլինում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններից առաջ։
Նրա խոսքով ՝ երկու կողմերն արդեն համարձակ քայլեր են ձեռնարկել անցյալը ետեւում թողնելու համար ։ "Ես ծափահարում եմ ձեզ եւ ձեր կառավարություններին այն խիզախության համար, որ դուք դրսեւորում եք այդ նպատակին հասնելու համար", - հայտարարել է նա հայ եւ ադրբեջանցի գործընկերներին:
Բացելով երկօրյա բանակցությունները՝ Բերբոքն ընդգծել է, որ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է "իրական հանձնառություն եւ վճռականություն", իսկ երկու կովկասյան պետությունների միջեւ համաձայնության ձեռք բերումը "դրական ազդեցություն կունենա երկու երկրների սահմաններից դուրս" եւ "ճանապարհ կբացի դեպի ավելի լավ ապագա եւ բարգավաճում Հարավային Կովկասում":
Գերմանիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Բեռլինում բանակցությունները պետք է շարունակեն երկու շաբաթ առաջ Մյունխենում սկսված "արդյունավետ քննարկումները": Նա նաև նշել է, որ Բեռլինը ցանկանում է բանակցություններում "առաջընթացի համար հարմար հարթակ" առաջարկել: "Գերմանիան ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով և առանց ուժի կիրառման։ Դրա համար է կարեւոր, որ երկու երկրների խաղաղ բանակցությունները հնարավորինս շուտ ավարտվեն", - նշել է ԳԴՀ ԱԳ նախարարը բանակցությունների մեկնարկից առաջ, հաղորդում է DW-ն։
Բեռլինում խաղաղ բանակցությունների մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել փետրվարի կեսերին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ: Դրա արդյունքներով Շոլցը հայտնել էր, որ Երևանն ու Բաքուն պատրաստ են հարթել իրենց տարաձայնություններն՝ առանց բռնության կիրառման ։ Նա ողջունել էր երկու կողմերի պատրաստակամությունը ՝ առկա տարաձայնությունների և բաց հարցերի լուծումը փնտրելու "բացառապես խաղաղ ճանապարհով և առանց բռնության կիրառման":