Արմինֆո. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում հաստատել են ադրբեջանցի զինծառայողի վնասազերծման փաստը:
«Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է», - ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում:
Ավելի վաղ մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ հաղորդել էին Հայաստանի տարածք երկու ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման մասին: Նշվում էր, որ մեկին հաջողվել է ձերբակալել, իսկ մյուսը փախել է։ Հայկական կողմը որոնում է նրան ։
Ադրբեջանի ՊՆ-ը փաստացի հաստատել է ադրբեջանցի զինվորականների Հայաստան ներթափանցման փաստը։ Գերատեսչությունում նշել են, որ փետրվարի 28-ի առավոտյան, "տեղաշարժվելով Լաչինի շրջանի դիրքերի միջև, ադրբեջանական բանակի զինծառայող Փանահով Ռուսլան Էլդենիզ օղլին մոլորվել է անբարենպաստ եղանակային պայմաններում":