Արմինֆո. Մենք ընդամենը մեկ հարց ենք տվել ՀԱՊԿ - ին, որն անպատասխան է մնացել. "որտե՞ղ է կազմակերպության պատասխանատվության գոտին, և արդյո՞ք այն ճանաչում է Հայաստանի սահմանները, և ի՞նչ սահմաններով է Հայաստանն անդամակցել ՀԱՊԿ–ին": Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը, թե Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է:
"Առայժմ այդ հարցի պատասխանները չկան. իմ անձնական կարծիքն է, որ ՀԱՊԿ-ն ինքն իրեն անջատել է եւ չի գործում", - ասել է նա:
Հարցին, թե այդ դեպքում ինչու Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, Սիմոնյանը նշել է, որ իրենք "սպասում են եւ հետեւում, թե ինչ է լինելու հետո": "Ուզում եմ, որ դուք մի քիչ գոնե վստահեք մեր քաղաքական դիրքորոշմանն ու մարտավարությանը։ Վստահեք, գոնե՝ մի փոքր: Ես շատ բան չեմ կարող բարձրաձայնել, բայց պետք է ասեմ, որ լիովին կիսում եմ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու դժգոհությունն ու վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ", - ասել է խորհրդարանի խոսնակը։
Սիմոնյանի կարծիքով, այլընտրանք, կարող է լինել Հայաստանի անվտանգության ապահովումը բոլոր հնարավոր միջոցներով։ <Բոլոր հավկիթները մեկ զամբյուղի մեջ չդնել՝ ինչպես նախկինում արել ենք: Երբ եկավ <իքս > պահը, մենք կարծում էինք, թե հնարավոր չէ, որ մեր դաշնակիցը մեզ չպաշտպանի, կամ քաղաքական մակարդակով թույլ տա այդ ամենը։ Բայց հայտնի դարձավ, որ մեր դաշնակիցը ոչ միայն թույլ է տվել, այլեւ շատ բաների վրա աչք է փակել", - նշել է խորհրդարանի խոսնակը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը Հայաստանի նկատմամբ չի կատարվել, և հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: ՀԱՊԿ քարտուղարությունուից հաղորդել են, որ Երևանից համապատասխան ծանուցումներ չեն ստացել ։
Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ Հայաստանից պարզաբանումներ են ակնկալում։ Ռուսական գերատեսչությունը պնդում է, որ ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի մասնակցության նվազումը չի բխում հայ ժողովրդի շահերից: