Արմինֆո.Եվրամիության առաքելությունը (EUMA) կարող է այցելել Հայաստանի ողջ տարածք, բացի Ներքին Հանդի տարածքից, որը գտնվում է Ռուսաստանի պատասխանատվության գոտում։ Այդ մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
"Ի սկզբանե մենք չէինք բացառում, որ Ներքին Հանդ այցելելու առնչությամբ խնդիրներ կարող են առաջանալ", - հայտարարել է Ռիտերը:
Անդրադառնալով հարցին, թե ինչով է բացատրվում, որ ԵՄ դիտորդներին թույլ չեն տալիս մուտք գործել Ներքին Հանդ, նա նշել է, որ այդ հարցը պետք է ուղղել ռուսական կողմին: "Մենք Հայաստանում հյուրի կարգավիճակով ենք։ Այդ հարցով պետք է զբաղվի Հայաստանը, քանի որ մենք չենք շփվում Հայաստանում տեղակայված ռուսական ուժերի հետ", - նշել է նա, հավելելով, որ նման խնդիր կա միայն Ներքին Հանդի առնչությամբ։
Իսկ այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Ներքին Հանդում տեղի ունեցած վերջին միջադեպի մասին, ասել է, որ ԵՄ առաքելությունն այնտեղ մուտք չունի, այնտեղ ներկա է միայն Ռուսաստանը, որը չի կարողացել կանխել վերջին միջադեպը, որի հետևանքով զոհվեց 4 հայ զինծառայող: