Արմինֆո.Ադրբեջանի կողմից ձեռք բերվող սպառազինությունն, ընդհանուր առմամբ, ուղղված չէ տարածաշրջանում կայունության հաստատմանը։ Այդ մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ի պատասխան Ադրբեջանի շարունակվող ռազմականացմանը գնահատական տալու խնդրանքի։
Ընդ որում, նա հավելել է, որ այդ հարցը բազմիցս բարձրացվել և քննարկվել է իրենց կողմից։ "Գիտեք, մենք նաև առաջարկել ենք սպառազինությունների վերահսկման մեխանիզմների ներդրում, քանի որ կարծում ենք, որ դա կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթաց ։ Եվ մենք առաջնորդվում ենք այդ օրակարգով", - նշել է նա։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությանը և ադրբեջանական կողմի հետ նոր հանդիպումներ կազմակերպելու հեռանկարներին՝ Գրիգորյանը հաստատել է, որ Երևանի և Բաքվի միջև նոր հանդիպում նախատեսվում է: "Գիտեք, որ Մյունխեն այցի շրջանակում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների և փոխվարչապետների մակարդակով հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ։ Առայժմ այդ հարցը քննարկվում է։ Կոնկրետ ամսաթիվ և վայր դեռ չկա", - ասել է ԱԽ քարտուղարը, խոստանալով այդ մասին տեղեկացնել, երբ հստակություն լինի։
"Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, - շարունակել է նա, - մենք ստացել ենք ադրբեջանական կողմի առաջարկները և աշխատում ենք դրանց վրա։ Կարծում եմ՝ դա կարող է քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։ Թե որտեղ կլինի այդ հանդիպումը՝ ես դեռ չեմ կարող ասել, քանի որ դեռ որոշակիություն չկա" ։
Անդրադառնալով զորքերի հայելային հետքաշման հայկական կողմի առաջարկին ՝ Գրիգորյանը նշել է, որ այն օրվանից, երբ Երևանը հրապարակավ և ոչ հրապարակային ներկայացրել է նախաձեռնությունը, հարցը եղել և մնում է օրակարգում: Նրա խոսքով, հայկական կողմը փորձելու է հասնել Բաքվի համաձայնությանը, քանի որ դա այն հարցն է, որը պահանջում է երկու կողմերի համաձայնությունը: "Մենք, միանշանակ, համոզված ենք, որ զորքերի հայելային հետքաշումը միջադեպերից խուսափելու լավագույն միջոցն է։ Դա կլինի կայունացնող գործոն", - հայտարարել է Գրիգորյանը։