Արմինֆո.Հարկային եվ մաքսային ծառայությունների թափուր կամ ժամանակավորապես թափուր պաշտոններ զբաղեցնող աշխատողները կհամարվեն քաղաքացիական ծառայողներ: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը փետրվարի 21-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Հարկային ծառայության մասին" եւ "Մաքսային ծառայության մասին" օրենքներում ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցման ներկայացված փոփոխություններին:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանի ասելով՝ նշված կառույցներում թափուր պաշտոն հայտնվելու դեպքում առաջարկվում է երկու տարբերակ: Առաջին տարբերակը վերաբերում է կադրերի ռեզերվից մասնագետների ներգրավմանը։ Երկրորդ տարբերակը, որը կգործի մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը, թափուր տեղերում նշանակվելու դեպքում ժամանակավոր աշխատողները կհամարվեն քաղաքացիական ծառայողներ:
Սմբատյանը նշել է, որ կադրային ռեզերվում, որպես կանոն, հայտնվում են կառուցվածքային փոփոխությունների պատճառով կրճատված անձինք: Թափուր պաշտոնում նշանակվելուց հետո այդ անձինք անցնում են երկշաբաթյա վերապատրաստում, որից հետո կարող են հավակնել իրենց աշխատանքային գործունեության շարունակման: