Արմինֆո. Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի Կամիլ Զեյնալլին Հայաստանի իրավապահ մարմինների կողմից մեղադրվում է սպանության համար: Փաստի առնչությամբ միջպետական հետախուզում է նախաձեռնվել։ Այդ մասին հայկական լրատվամիջոցներին հաղորդել է Հայաստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել է ԱրմԻնֆո-ն, նախօրեին երեկոյան Մոսկվայի "Դոմոդեդովո" օդանավակայանում ռուս իրավապահները ձերբակալել են ադրբեջանցի Կամիլ Զեյնալլիին, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում տեսախցիկի առջեւ սպանել է Արցախի խաղաղ բնակիչներին, հայերի նկատմամբ բռնության կոչ է արել։ Ամենաաղմկահարույց տեսանյութն էր, որտեղ նա որպես զոհաբերության գառ սպանում է արցախցի անպաշտպան ծերունուն։
"Ես արդեն երրորդ անգամ եմ Ռուսաստանում, բայց ինձ միայն հիմա են ձերբակալել։ Ակնկալում եմ մեր պետական կառույցների աջակցությունը։ Այս պահին ես գտնվում եմ ոստիկանության բաժանմունքում։ Հույս ունեմ, որ ամեն ինչ կկարգավորվի", - ձերբակալության առնչությամբ հայտարարել է Զեյնալլին սոցիալական ցանցերում տարածված տեսաուղերձում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն արձագանքել է իրավիճակին և հաղորդել, որ "Դոմոդեդովո" օդանավակայանում Զեյնալլիի ձերբակալության հարցը գտնվում է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան վերահսկողության ներքո: