Արմինֆո. Որպեսզի Արցախի թեման միշտ "թեժ" մնա, մենք պետք է ունենանք հզոր Հայաստան եւ հզոր Սփյուռք: Այդ մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Թովմասյանը:
Նրա կարծիքով՝ այսօր Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության ամուր կապն առավել քան անհրաժեշտ է: Ինչպես նշել է Թովմասյանը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ինքնալուծարման մասին խոսք լինել չի կարող, քանի որ ոչ ոք իրավունք չունի լուծարել Հանրապետությունը: Այդ իսկ պատճառով Արցախի ԱԺ-ն գործելու է մինչև 2025 թվականի մայիսի 21-ը։ Թովմասյանը նշել է, որ Ազգային ժողովն աշխատելու է, թեև օրենքներ չի ընդունելու, բայց լինելու են որոշումներ և հայտարարություններ:
"Ես կարծում եմ, որ մենք պետք է առաջնորդվենք ներկա իրողություններով, որպեսզի չվնասենք Հայաստանի եւ Արցախի մեր հայրենակիցներին", - ընդգծել է Թովմասյանը:
Ինչ վերաբերում է արցախահայության վերադարձին Արցախ, ապա, ինչպես նշել է նախկին խոսնակը, դրա համար միջազգային երաշխիքներ են պետք, քանի որ նրանց անվտանգության հետ կապված հարցեր կան:
Նա ընդգծել է, որ Արցախի բնակիչները չեն կարող վերադառնալ և դառնալ Ադրբեջանի քաղաքացի, դա անհնար է։