Արմինֆո.2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին հղում կատարելն այլևս արդիական չէ, կարծում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ բան գրված չէ այն մասին, որ ՌԴ-ն կարող է ինչ-որ բան վերահսկել մեր տարածքում։ Էլ չենք խոսում այն մասին, որ մնացած կետերը (հայտարարության) Ռուսաստանն ու Ադրբեջանը, ըստ էության, պատռեցին ու դեն նետեցին։ Ինչպես կարող է գործել մի կետ, երբ մյուսները չեն գործում: Հայտարարության 9-րդ կետին հղում կատարելն այլեւս արդիական չէ, քանի որ մյուս կետերով Ադրբեջանն ու Ռուսաստանը խախտել են իրենց պարտավորությունները։
Այն, որ այսօր Լեռնային Ղարաբաղում հայեր չկան, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվությունն է, որի խնդիրը եղել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության պաշտպանությունը», - ասել է Փաշինյանը՝ փետրվարի 18 - ին Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Վարչապետն ընդգծում է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում որևէ հիշատակում չկա այլ երկրի կողմից վերահսկվող ՀՀ տարածքում միջանցքի մասին: Խոսքը տարածաշրջանային հաղորդակցությունների մասին է, պարզաբանել է նա։ Ինչպես նշել է վարչապետը, հայկական կողմի տեսլականն արտացոլված է առաջարկված "Խաղաղության խաչմերուկ" նախագծում։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ասվում է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»: