Արմինֆո.Ադրբեջանի կողմից սադրանքներ եղել են և կլինեն, կարևոր է, որ դրանք նվազագույնի հասցվեն և չվերածվեն լայնածավալ էսկալացիայի։ Այդ մասին փետրվարի 13-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով Ներքին հանդ գյուղի մոտ տեղի ունեցած սադրանքը, որի ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, չորս հայ զինծառայող է սպանվել, կան վիրավորներ։
Խաչատրյանը կարևորել է անհրաժեշտ քաղաքական, դիվանագիտական և պաշտպանական միջոցառումների անցկացումը: Նա նշել է, որ աշխարհում ոչ մի երկիր չունի չհարձակվելու մասին երաշխիքներ։ Պատգամավորն ընդգծել է, որ Պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն կանցկացնի տեղի ունեցածի հանգամանքների վերաբերյալ, այդ թվում ՝ այն հարցի շուրջ, թե ինչի կապակցությամբ է տեղի ունեցել Ադրբեջանի կողմից սադրանքը: Պատգամավորը նշել է, որ Բաքուն 30 տարի շարունակ դիմում է նման սադրանքների։ Դրանք կարող են նվազագույնի հասցվել միայն խաղաղության պայմանագրի շուրջ քաղաքական համաձայնության հասնելու դեպքում։ "Բայց, ամեն դեպքում, մեր զինված ուժերը պետք է միշտ պատրաստ լինեն ցանկացած սադրանքի", - ասել է խորհրդարանականը:
ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, փետրվարի 13-ին Ներքին հանդ գյուղի մոտ տեղի ունեցած թշնամական սադրանքի հետևանքով զոհվել է 4 հայ զինծառայող, ևս մեկը վիրավորվել է: