Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է ընդդիմության մեղադրանքները, թե՝ ինքը նախաձեռնել է նոր սահմանադրության ընդունումը, որպեսզի կատարի խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի նախապայմանը:
"Չկա նման բան, ավելին ասեմ, խաղաղության պայմանագրի նախագծի տարբերակում կա կետ այն մասին, որ կողմերը չեն կարող չկատարել իրենց պարտավորությունները՝ վկայակոչելով ներքին օրենսդրությունը։ Սա, առաջին հերթին, ներքին օրակարգ է", - ասել է Փաշինյանը խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում ։
Կառավարության ղեկավարը նաև հավելել է, որ Հայաստանի արտաքին միջավայրն այն չէ, ինչ եղել է գործող սահմանադրության ընդունման ժամանակ, և պետք է այն հարմարեցնել նոր իրողություններին: Նա հավելել է, որ սահմանադրական բարեփոխումները Հարավային Կովկասում արտաքին կոնյունկտուրայի փոփոխության հետևանք են: Փաշինյանը նաև նշել է, որ իշխանության ձեռքում չկա նոր հիմնական օրենքի որևէ նախագիծ: "Կուզենայի հստակություն մտցնել. Մենք սահմանադրության նախագծի որևէ տարբերակ չունենք։ Ես, ընդամենը, առաջարկել եւ թույլ եմ տվել նման հնարավորություն, բայց՝ ոչ ավելին", - ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարարությունում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որը ՀՀ-ն ավելի կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական նոր պայմաններում: Վարչապետի ընդդիմախոսները հայտարարել են, որ նախաձեռնությունը բխում է Բաքվից, հիմնականում, նպատակ ունենալով ՀՀ սահմանադրությունից հանել Անկախության մասին հռչակագրին հղումները, որտեղ հիշատակվում է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը: Խնդրահարույց է համարվում նաև Անկախության հռչակագրի 11-րդ կետը, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունն աջակցում է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Փետրվարի 1-ին ՀՀ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում կառավարության ղեկավարը հայտարարել է. "Մենք ունենք քաղաքացու և պետության միջև անջրպետ, որն արտահայտվում է լեգիտիմությամբ, չէ որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, որն ընդունվել է 1995 թվականին և փոփոխվել է մի քանի անգամ, ոչ մի անգամ չի ընդունվել այնպիսի պայմաններում և իրադրությունում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն իրեն ասի՝ գնացի, քվեարկեցի և ընդունեցի սահմանադրությունը":