Արմինֆո.2024 թվականի փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Դուբայ և ԱՄԷ այլ Էմիրություններ առանց վիզայի ձևակերպման: Այդ մասին ասվում է ԱՄԷ էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարարության հաղորդագրությունում։
Աղբյուրի համաձայն, երկրների միջև կնքված համաձայնագրի շնորհիվ զբոսաշրջիկները կարող են ԱՄԷ-ի տարածքում գտնվել մինչև 90 օր (180 օրվա ընթացքում)՝ առանց մուտքի վիզա ձևակերպելու: Նորամուծությունը կպարզեցնի ճանապարհորդության պլանավորման գործընթացը և կնպաստի երկու երկրների զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը:
ԱՄԷ-ի և Հայաստանի միջև զբոսաշրջային հոսքը շարունակում է տպավորիչ աճ գրանցել։ Օրինակ, 2023 թվականին Դուբայ այցելած հայաստանցի զբոսաշրջիկների թիվը 2022 թվականի համեմատ աճել է 14% - ով, իսկ նախաքովիդյան 2019թվի համեմատ՝ 127% - ով։ Սա եւս մեկ անգամ վկայում է Դուբայի աճող ժողովրդականության մասին:
"Դուբայը հայաստանցի զբոսաշրջիկներին գրավում է յուրահատուկ տեսարժան վայրերով, սպասարկման բարձր մակարդակով, հյուրանոցների բազմազանությամբ՝ ցանկացած բյուջեի համար, հիանալի լողափերով և մշակութային միջոցառումներով։ Քաղաքն առաջարկում է բազմաթիվ զվարճանքներ, այդ թվում՝ գնումներ, զվարճանքի պուրակներ, գաստրոնոմիական և երաժշտական փառատոններ, նավարկություններ և գործնական միջոցառումներ: Քաղաքը հայտնի է ավանդույթների և նորարարությունների ներդաշնակ համադրությամբ, հարուստ մշակութային ժառանգությամբ, որը հետաքրքիր է բոլոր տարիքի ճանապարհորդների համար: Այսպիսով, դյուրացված վիզային ռեժիմը Դուբայը և ԱՄԷ մյուս Էմիրություններն էլ ավելի գրավիչ է դարձնում հայաստանցի զբոսաշրջիկների համար ՝ ժամանցի և հանգստի լայն հնարավորություններով", - նշվում է հաղորդագրության մեջ: