Արմինֆո. Ես չեմ ուզում փոխել ոչ Հայաստանի զինանշանը, ոչ՝ օրհներգը։ Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում։ Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն ու խմբակցությունն եւ կառավարությունն այս պահին պետական խորհրդանիշների փոփոխության հետ կապված որևէ որոշում չունեն:
Ինչ վերաբերում է "Հայոց պատմություն" առարկայի անվանումը "Հայաստանի պատմություն" փոխելուն, Ռուբինյանը հարց է ուղղել. "Ի՞նչ խնդիր կա "Հայաստան" բառում: Հայաստանը մեր հայրենիքն է հիմա և, ընդհանրապես, պատմության մեջ Հայաստանը միշտ եղել է մեր հայրենիքը։ Ի՞նչ խնդիր կա, որ առարկան կոչվի "Հայաստանի պատմություն": Միթե՞ ողջ հայ ժողովրդի պատմությունը մի ժողովրդի պատմություն չէ, որը փորձել է պետություն ստեղծել, անկախանալ և պահպանել այդ պետությունը": Այն, որ այս հարցը հիմնական թեմաներից մեկն է, որ բարձրացնում է ընդդիմությունը, ըստ ԱԺ փոխնախագահի, խոսում է այն մասին, որ վերջիններիս մոտ բացակայում է քաղաքական խոսքը:
Խոսելով իշխանությունների կողմից սահմանադրությունը փոխելու մտադրության մասին՝ Ռուբինյանն անհիմն է համարել այն մեղադրանքները, թե դա արվում է Ադրբեջանի պատվերով ։ "Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է, և միայն Հայաստանի քաղաքացիները կարող են որոշել ընդունել սահմանադրությունը, թե՝ ոչ, ինչ ձևով և այլն", - ընդգծել է նա:
Մինչդեռ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին տելեգրամյան ալիքում գրել էր. "Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության և հայկական երաժշտության հետ և համապատասխանի օրհներգի կատարման կանոններին": Նա նաև նշել էր ՀՀ զինանշանի փոփոխության հարցի քննարկման հնարավորությունը։ «Առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված», - գրել էր Սիմոնյանը, ըստ երեւույթին, ակնարկելով Արարատ լեռը երկրի զինանշանից հանելու անհրաժեշտության մասին, որտեղ հանգրվանել է Նոյը Մեծ ջրհեղեղի ժամանակ, ինչը պնահանջել է և շարունակում է պնդել Թուրքիան: Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրի պետական զինանշանը քննադատել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: