Արմինֆո. ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Բեն Քարդինն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել իրենց քննադատողների և նդդիմադիրների հետապնդումները:
"Ադրբեջանում լրագրողների վրա հարձակումները, ընդդիմադիրների ապօրինի ձերբակալությունները և անդրազգային բռնաճնշումների ենթադրյալ կիրառումը հակաժողովրդավարական մարտավարություն են: Բաքուն պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին և դադարեցնի այդ հետապնդումները, որպեսզի դառնա միջազգային հանրության մի մասը՝ COP29-ի նախաշեմին ", - գրել է սենատորը Twitter-ի (X) իր միկրոբլոգում:
Նշենք, որ անցած տարվա նոյեմբերից ադրբեջանական իշխանությունները բռնաճնշումների նոր փուլ են սկսել ընդդիմադիր քաղաքական գործիչների, ինչպես նաև լրագրողների ու բլոգերների նկատմամբ: Տասնյակ լրագրողներ և ընդդիմադիրներ կալանավորվել են մտացածին քրեական գործերով։ Քաղաքակիրթ միջազգային հանրությունն, ընդհանուր առմամբ, "մատների արանքով" է նայում Բաքվում տեղի ունեցողին։ Միայն ԵԽԽՎ-ում արձագանքեցին տեղի ունեցածին՝ մեկ տարով կասեցնելով ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին ՝ մարդու իրավունքների ոլորտում Բաքվի թույլ տված խախտումների պատճառով, որոնց ապահովումը երկիրն ստանձնել էր 20 տարի առաջ՝ ԵԽ-ին անդամակցելիս։