Արմինֆո. Պաշտոնական Բաքուն առաջիկա շաբաթներին Հայաստանին կուղարկի խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկների պատասխանը։ Ինչպես հաղորդում Է "Ինտերֆաքսը", այդ մասին հունվարի 27-ին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
"Մենք Հայաստանից ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը։ Մենք դրանց կպատասխանենք առաջիկա շաբաթներին", - ասել է Բայրամովը։
Նա նաև նշել է, որ 2024 թվականին կշարունակվեն կողմերի միջև հանդիպումները՝ խաղաղության պայմանագրի շուրջ։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել էր բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշման հետընթացը: "Տարեսկզբից Հայաստանը կառուցողական ներգրավվածություն է ունեցել Ադրբեջանի հետ բանակցություններում, որոնք ուղղված են եղել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Դա վերաբերում է ինչպես ընդհանուր բանակցային գործընթացին, այնպես էլ, մասնավորապես, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կնքմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային կապերի և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու վերագործարկմանը", - ասել էր Միրզոյանը։ Նա առանձնացրել էր մի շարք սկզբունքներ, որոնց Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ բանակցային գործընթացում։ "Նախ, Հայաստանը և Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ առանց որևէ երկիմաստության և ձևակերպումների, որոնք տարակարծությունների տեղ են թողնում։ Երկրորդ՝ երկրների միջև սահմանը պետք է սահմանազատվի ԽՍՀՄ պաշտոնական քարտեզների հիման վրա", - ասել էր նա։
Ընդ որում, նախարարը նշել էր, որ Հայաստանի համար սկզբունքային է ճանաչված սահմանների իրավական անխոցելիությունը։ "Երրորդ՝ տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության եւ իրավասության ներքո եւ փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա ։ Այստեղ նույնպես հետընթաց ենք տեսնում ադրբեջանական կողմից", - հայտարարել է ԱԳ նախարարը։