Արմինֆո. Երևանի ավագանու "Մայր Հայաստան" խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը (Նարե Սոսե) հանդես է եկել տեսաուղերձով և խոսել երկրից հեռանալու պատճառների մասին: Նրա ասելով, հայտնի առևանգումից հետո ինքը ստիպված է եղել լքել երկիրը ոստիկանական ճնշման պատճառով։ Հայրապետյանը հաղորդել է, որ ոստիկանական բաժանմունքում ոստիկանության բարձրաստիճան սպաներն իրեն ստիպել են վերաշարադրել հանցագործության մասին հաղորդումը, ավելին, առգրավել են նրա հեռախոսը, թեև դրա համար հիմք չի եղել:
"Ինձ համար դժվար է ասել, թե ինչ կապ կա ինձ առևանգած տղամարդու և այդ սպաների միջև, բայց՝ որ դա կա, ակնհայտ է։ Ես հասկացա, որ նրանք ինձ հանգիստ չեն թողնի, և եթե ես չենթարկվեմ նրանց կամքին, ապա կենթարկվեմ խոշտանգումների, որոնց չեմ դիմանա, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունեմ։ Ուստի, որպեսզի ինչ-որ կերպ ժամանակ շահեմ և փախչեմ, ես նրանց թելադրանքով հայտարարություն գրեցի։ Դրանից հետո ես հեռացա երկրից և քաղաքական ապաստան խնդրեցի", - ասել է Հայրապետյանը, չտեղեկացնելով, թե որ երկրում է գտնվում և ումից է քաղաքական ապաստան խնդրել։ Նա նաև հավաստիացրել է, որ անկախ ամեն ինչից, շարունակելու է իր քաղաքական գործունեությունը, քանի որ շատ է պետք Հայրենիքին:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին հայտնի էր դարձել, որ հունվարի 15-ին Նարինե Հայրապետյանին անհայտ անձինք Թոթովենցի փողոցից նստեցրել են մեքենան, որից հետո կապել են նրա աչքերը: Այնուհետև չարագործները նրան տեղափոխել են անծանոթ վայր, որտեղ նրա հետ հանդիպել է 60-65 տարեկան մի տղամարդ, ով մատնանշել է Հայրապետյանի հայտարարությունների և քաղաքական գործունեության անթույլատրելիությունը։ Դրանից հետո նույն անձինք նրան հետ են տարել, իջեցրել են Աբովյան փողոցում ։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հաղորդման համաձայն, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: "Առևանգման դեպքի առթիվ հաղորդում է ստացվել, որի կապակցությամբ հունվարի 17-ին Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նախաքննությունը շարունակվում է: Ոստիկանությանը հանձնարարվել է կատարել քննություն և կարևոր տեղեկություններ փոխանցել վարույթն իրականացնող քննչական մարմնին", - նշել է Գոռ Աբրահամյանը: