Արմինֆո.Լեռնային Ղարաբաղում մենք ականատես եղանք ևս մեկ հումանիտար ճգնաժամի, որն անդրադարձել է տասնյակ հազարավոր մարդկանց վրա։ Այդ մասին հայտարարել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում իր ելույթում։
"Այդ սուր հումանիտար ճգնաժամը վերածվել է տարածաշրջանից հայ բնակչության զանգվածային արտագաղթի։ Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի երկարաժամկետ խնդիրները լուծելու համար: Միևնույն ժամանակ, անցած տարվա սեպտեմբերյան իրադարձությունների հետևանքով առաջացած Հայաստանի աճող և կենսական կարիքները պետք է պատշաճ և համարժեք լուծվեն",- հավելել է նա:
Միևնույն ժամանակ Խրիստոդուլիդիսն ընդգծել է, որ Կիպրոսն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղ գործընթացին ԵՄ միջնորդության շրջանակներում, ինչը, անկասկած, կնպաստի ողջ տարածաշրջանի երկարաժամկետ կայունությանն ու բարգավաճմանը: "Ցանկացած խթան, որը նպաստում և խրախուսում է նման զարգացումը, պետք է լինի հավասարակշռված, մանրակրկիտ մտածված և իրագործված", - հայտարարել է նա:
Կիպրոսի նախագահը հավելել է, որ վերոնշյալ ճգնաժամերն ու ողբերգությունները վկայում են, որ երկարատև քաղաքական փակուղիները պետք չէ անուշադրության մատնել: "Դիվանագիտության և երկխոսության բացակայությունը կարող է ստեղծել մշտական բռնության ցիկլեր՝ կործանարար հետևանքներով։ Իրականությունն այն է, որ գոյություն չունեն "սառեցված հակամարտություններ"։ Ինչպես արդեն ասացի, կայուն, տեւական խաղաղության բացակայության արդյունքում ստեղծված վակուումը պարարտ հող է դառնում ճգնաժամերի համար: Դա այն է, որը մենք շատ լավ գիտենք իմ երկրում: Կիպրոսում մարդու իրավունքները մնում են չկատարված խոստում բոլոր կիպրոսցիների համար՝ 1974 թվականին Թուրքիայի անօրինական ներխուժման և շարունակվող օկուպացիայի արդյունքում", - նշել է Կիպրոսի ղեկավարը: